Վատ աղբահանությունը տարափոխիկ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ. Հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ

12:50 • 06.09.19

Վատ աղբահանությամբ առնետների համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում, որի պատճառով տարափոխիկ հիվանդություններ կարող են առաջանալ: ««Սանիթեքը» 7-րդ օրն է՝ չի կատարում իր պայմանագրային պարտավորությունը․ հիգիենիկ համաճարակային վտանգներ․ աղբահանության հիմնախնդրի լուծման տարբերակներ» թեմայով հանդիպման ժամանակ ասաց Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը:

Նա նշեց, որ այս պահին նման հիվանդություններ դեռ չեն արձանագրվել:

«Քանի որ մեր նպատակը կանխարգելելն է, մենք չենք սպասելու մինչև ունենանք բազմաթիվ հիվանդություններ կամ աղիքային վարակի բռնկում, որոնք կապված կլինեն վատ աղբահանության հետ: Տուլարեմիա կարող է առաջանալ կրծողների միջոցով: Բացի վարակիչ հիվանդություններից, տարածվող հոտը ասթմատիկ հիվանդություններ ունեցողների մոտ սրացնում է ասթման: Կարող են նյարդային համակարգի լուրջ խնդիրներ առաջանալ: Դրա հետևանքները մենք կտեսնենք ապագայում»,- ասաց Աննա Հարությունյանը:

«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ նշեց «Սանիթեքը» վերջին 7 օրերի իր քայլով հաստատեց սաբոտաժը և խախտելով բիզնես էթիկայի բոլոր կանոնները՝ մտավ քաղաքական դաշտ: ՀՀ-ն պետք է շատ ավելի խիստ պատասխանատվության ենթարկի Սանիթեքին: «Սանիթեքը» պատրաստվում է Վրաստանի Հանրապետության հետ աշխատել»,- ասաց նա:

Խաչատրյանը դիմեց հարևան երկրի ներկայացուցիչներին՝ ասելով, որ  պետք է նայել Հայաստանի օրինակին և գործարք չկնքել բիզնես էթիկան խախտող ընկերության հետ: